Սյունիքի մարզ

Տեսարժան վայրերը
Աղիտու, Զորաց Քարեր, Հալիձոր, Որոտնաբերդ, Որոտնավանք, Սիսավան, Վահանավանք, Տաթև, Տաթևի Մեծ Անապատ, Սատանի կամուրջ, Շաքի, Խնձորեսկ
Բնաշխարհը
Որոտան

Սյունիքի մարզը ցամաքային տարածքի չափերով առաջինն է Հայաստանում: Նախկինում Սյունիք (Սիսական) անունով կոչվել է Մեծ Հայքի իններորդ նահանգը: Ներկայիս Սյունիքի մարզը զբաղեցնում է պատմական Սյունիքի մի հատվածը միայն:

Նախկինում Սյունիքի տրանսպորտային-աշխարհագրական դիրքը խիստ անբարենպաստ էր: Այժմ Արաքս գետի նոր կամրջի կառուցումով Սյունիքը խիստ կարևոր տարանցիկ նշանակություն է ձեռք բերում: Նրա միջոցով Պարսից ծոցը և Իրանը կապվում են Հայաստանին, Վրաստանին ու Սև ծովին:

Բնական պայմանները և հարստությունները

Սյունիքը Հայաստանի Հանրապետության ամենալեռնոտ մարզն է: Նրա ամենաբարձր (Կապուտջուղ գագաթը` 3906մ) և ամենացածր (Մեղրու կիրճում` 375մ) կետերի բարձրությունների տարբերությունը մոտ 3500մ է, ավելի շատ, քան ՀՀ որևէ այլ մարզում:

Գետերից նշանավոր են Որոտանը, Ողջին, Մեղրիգետը: Որոտանը Զանգեզուրի ամենամեծ գետն է: Հայտնի է Որոտանի վիթխարի կիրճը, որի խորությունը հասնում է մինչև 800մ-ի: Այստեղ գետն անցնում է բնության կերտած «Սատանի կամրջի» տակով: Որոտանի Շաքի վտակի վրա գոյացել է համանուն գեղատեսիլ ջրվեժը:

Հայտնի են Տաթևի, Քաջարանի, Գորիսի, Որոտանի (Ուռուտի) և բազմաթիվ այլ հանքային աղբյուրները:

Բնակչությունը

Սյունիքի մարզի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության ազգային կազմը և թիվը բազմիցս կտրուկ փոփոխություններ են կրել օտար զավթիչների արշավանքների ու ասպատակութ­յունների հետևանքով: Նոր և նորագույն ժամանակներում աշխարհագրական աննպաստ դիրքը և ռելիեֆային բարդ պայմանները խթանել են բնակչության մշտական արտահոսք: Դա է պատճառը, որ մարզի բնակչության խտությունը շատ ցածր է:

Քաղաքները

Սյունիքի մարզը ուրբանիզացման մակարդակով գրավում է առաջին տեղը` 71%: Դրան համապատասխան էլ համեմա­տաբար շատ են քաղաքները` Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ: Մարզի բոլոր քաղաքները երիտասարդ են: Նրանք քաղաքի կարգավիճակ ստացել են 1930-ական թվականներից հետո: Միայն Գորիսն է, որ քաղաք է դարձել դեռևս ցարական իշխանության օրոք (1885թ.):

Սյունիքի մարզկենտրոնը` Կապանը, հանրապետության հարավ-արևելյան տարածաշրջանի ամենախոշոր քաղաքն է: Գտնվում է Խուստուպ լեռան ստորոտին, Ողջի գետի ափերին, որը քաղաքի սահմանում իր մեջ է ընդունում Վաչագան ու Կավարտիջուր վտակները:

Կապանի աշխարհագրական դիրքը համեմատած ՀՀ գլխավոր քաղաքների հետ պակաս նպաստավոր է: Քաղաքը հեռու է հանրապետության տնտեսական կենտրոններից (Երևանից 320կմ): Կապանի զարգացումն առաջին հերթին պայմանավորված է պղնձի արդյունաբերությամբ և մեքենաշինությամբ:

Դեռևս միջին դարերից քաղաքին հարող տարածքում գործել են պղնձահանքեր ու պղնձաձուլարան­ներ: Այստեղ էին հայերը ձուլում թնդանոթներ Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի ժամանակ: Ներկայիս Կապան քաղաքը ձևավորվել է 1930-ական թվականներին այդ հանքերի և մի քանի գյուղերի հիման վրա: Այժմ էլ քաղաքի արդյունաբերության առաջատար ճյուղը պղնձարդյունաբերությունն է: Ավելի ուշ ձևավորվել են արդյունաբերության այլ ճյուղեր ևս: Գործում են մեքենաշինական, ավտոնորոգման, շինանյութերի, թեթև ու սննդի արդյունաբերության ձեռնարկություններ:

Քաղաքը մեծապես տուժեց 1990-1992թթ. ադրբեջանական ռմբակոծություններից և տրանսպորտային շրջափակումից:

* * *

Սյունիքի մարզում` Ծավ գետի ավազանում, գտնվում է Սոսու պուրակը: Ըստ ավանդության պուրակը ստեղծվել է հնագույն ժամանակներում, և ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ են արել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s