ՆԱՐ- ԴՈՍ ՀԵՔԻԱԹՆԵՐ

ԵՐԿՆՔԻ ԶԱՆԳԱԿԸ

(Ավանդություն)

Հին, շատ հին ժամանակներում, երբ ոչ թագավորներ կային, ոչ իշխաններ և ոչ դատավորներ, մարդկանց գործերը քննում էին մի մեծ զանգակով, որ կախված էր երկնքից: Մարդիկ իրենց վեճերի, կռիվների, տարաձայնությունների համար դիմում էին այդ զանգակին: Վկաներ կանչելու սովորություն չկար այն ժամանակ և այդ հարկավոր էլ չէր, որովհետև զանգակը մի այնպիսի հրաշալի զորություն ուներ, որ առանց վկաների ցուցմունքի ինքն էր ամենաճիշտ և ամենաանաչառ կերպով ցույց տալիս, թե ո´վ է արդարը, ո´վ է մեղավորը.

Զանգակը կախված էր մի ընդարձակ դաշտի վրա: Նրա տակ, գետնից բավական բարձր, ինչպես բեմ, շինված էր մի տախտակամած, որի վրա բարձրանում էին սանդուղքով: Գանգատավորները միայն իրավունք ունեին բարձրանալու այդ տախտակամածի վրա, իսկ հանդիսատես ամբոխը կանգնում էր ներքևը — դաշտի վրա և այնտեղից էր թամաշա անում գործի վճռին: Գործի քննության ժամանակ ո´չ մի ձայն, ո´չ մի շշուկ չէր լսվում հանդիսատես ահագին ամբոխի միջից. զանգակը համարվում էր մի սրբություն, որ աստված ինքն էր կախել երկնքից չարախնդիր մարդկանց անօրեն գործերը քննելու համար. այդ պատճառով ամեն մեկը սրբազան երկյուղով էր նայում նրա վրա, զգալով, որ արդարադատն աստված ինքն է նրա միջոցով քննում գործերը:

Գանգատավորները, որոնք սովորաբար երկու հոգի էին լինում, բարձրանում էին տախտակամածը և փոխադարձաբար բռնում էին զանգակի կապած թոկից. ով մեղավոր էր, նա բնավ չէր կարողանում շարժել զանգակի լեզվակը, իսկ ով արդար էր, նա լեզվակի թոկին ձեռք տալուն պես զանգակն ինքն էր սկսում ահագին, ականջ խլացնող ձայնով

հայտնել հանդիսատես ամբոխին, որ արդարը նա է: Խոսք չկա, իհարհե, որ մարդիկ այդ ժամ տնակներում շատ սիրով և հաշտ էին ապրում միմյանց հետ և շատ հազիվ էր պատահում, որ մեկը մյուսի հետ մի որևէ տարաձայնություն ունենար, որովհետև ամենքին էլ հայտնի էր զանգակի հրաշալի զորությունը, ամենքն էլ գիտեին, որ ոչ մի դեպքում մեղավորն արդար չի դուրս գալ, արդարը — մեղավոր, ինչպես մեր ժամանակներումն է:

Բայց ինչպե՞ս եղավ, որ այդ զանգակն այժմ այլևս չկա, ինչպե՞ս եղավ, որ մարդիկ զրկվեցին մի այդպիսի անաչառ դատավորից:

Մեկ անգամ մեկը յուր հարևանին մի քանի հարյուր ոսկի փող էր պարտք տվել: Նշանակյալ ժամանակից հետո, երբ նա յուր փողը պահանջում էր, պարտապանը չէր տալիս, ասելով, որ արդեն տվել է:

— Տվե՞լ ես, — զարմանալով բացականչում էր պարտատերը: — Ե՞րբ:

— Քանի ժամանակ է:

— Դու ինձ ոչինչ չես տվել, ինչո՞ւ ես սուտ խոսում:

— Ես սուտ չեմ խոսում, տվել եմ:

— Եվ դու չե՞ս վախենում զանգակի դատաստանից:

— Տա´ր ինձ նրա մոտ:

— Դու կխայտառակվես:

— Դու զրպարտում ես. ուզում ես փողդ երկու անգամ առնել. ես արդեն տվել եմ:

— Զանգակն ինքն այդ ցույց կտա, որ դու պարտքդ դեռ չես տվել: Գնա´նք նրա դատաստանին:

— Գնա´նք, ես արդար եմ:

Գնացին:

Հետաքրքիր ամբոխը շրջապատել էր զանգակի տախտակամածը: Ամենքն անհամբեր սպասում էին նրա արդար դատաստանին:

Գանգատավորները բարձրացան տախտակամածը:

— Ա´յ ժողովուրդ, — նախքան զանգակին դիմելը, բացականչեց պարտատերը, — ես սրան մեղադրում եմ այն բանի համար, որ սա ինձ փող է պարտ և այժմ, երբ ես փողս պահանջում եմ, ասում է, թե տվել է, այնինչ ես սրանից դեռ մի կոպեկ չեմ ստացել:

— Այո՛, ա´յ ժողովուրդ, ես հիմա էլ ասում եմ, որ պարտքս արդեն տվել եմ:

— Երբ որ այդպես է, բռնի´ր զանգակի թոկը:

Պարտապանը ձեռքին մի հաստ գավազան ուներ, առաջուց նա փորել էր այդ գավազանը, պարտք վերցրած ոսկին թափել էր այդ փորվածքի մեջ և գավազանի գլուխը նորից պնդացրել էր:

— Բռնի´ր այս գավազանը, — ասաց նա գավազանը պարտատերին տալով:

Պարտատերը, բոլորովին ոչինչ չկասկածելով, առավ գավազանը:

Պարտապանը համարձակ մտավ զանգակի տակը և բացականչեց.

— Ա´յ անաչառ դատավոր-զանգակ, դու ասա´, ես փողը տվե՞լ եմ սրան, թե ոչ:

Եվ բռնեց լեզվակի թոկից: Լեզվակը նույն վայրկյանին շարժվեց, և զանգակն ահագին ղողանջյունով հայտնեց հետաքրքիր ամբոխին, որ փողն արդեն տվել է:

Տեսա՞ր, — դիմեց նա վերջինին. — Անամո´թ, երկու անգամ էի՞ր ուզում առնել փողդ: Տո´ւր ինձ գավազանս:

Նա խլեց քար կտրած պարտատերից յուր գավազանը և ուրախ-ուրախ իջավ ներքև:

Ամբոխն սկսեց թքել և մրել խեղճ պարտատերին, որ զարմացել, ապշել էր, թե ինչպես այդ անաչառ դատավոր զանգակը մի այդպիսի անարդար վճիռ կայացրեց: Բայց զանգակի վճիռն անարդար չէր. այն րոպեին, երբ պարտապանը բռնում էր զանգակի թոկից, նա արդեն պարտք վերցրած փողը գարպանի մեջ ածած տվել էր պարտատերի ձեռքը: Ուրեմն խաբվե՞ց զանգակը, որ միևնույն է, թե խաբվեց աստվա՞ծ, որովհետև զանգակի միջոցով ինքն աստված էր դատաստան անում: Ո´չ, չխաբվեց աստված, այլ միայն ուզեց փորձել, թե մինչև որ աստիճան մարդը կարող է խորամանկ գտնվել:

Եվ նա տեսնելով մարդու այդ անիրավ խորամանկությունը, բարկացավ և զանգակը զարհուրելի ղողանջյունով քաշեց, տարավ երկինք: Ահա, այդ էր պատճառը, որ մարդիկ զրկվեցին անաչառ դատավոր երկնքի զանգակից: Եվ այդ ժամանակվանից սկսած, իբրև աստուծո պատիժ, գոյություն առան և գնալով տարածվեցին մարդկանց մեջ անիրավությունը, անօրենությունը, ճնշումը, հալածանք և հազարավոր այդպիսի արատներն ու մեղքերը, որովհետև այնուհետև դատաստանն ընկնելով սխալական, անգութ և կաշառակեր մարդկանց ձեռքը, արդարը միշտ մեղավոր էր հանդիսանում, մեղավորը — արդար:

 

ԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲԸ

(Ավանդություն)

Երբ որ աստված Ադամին և Եվային իրենց մեղքի համար դրախտից արտաքսեց, Ադամը, ինչպես Սուրբ Գրքումն ասված է, պետք է յուր երեսի քրտինքովն ուտեր յուր հացը, այսինքն՝ պետք է վարուցանք աներ, որպեսզի քաղցած չմեռներ ո´չ ինքը, ո´չ յուր կինը — Եվան: Իհարկե, քանի որ աստուծո պատվիրանին հակառակ չէին գնացել, այսինքն՝ արգիլված պտուղը չէին կերել, դրախտի մեջ նրանք ապրում էին բոլորովին անհոգ — ո´չ քաղց էին զգում, ո´չ՝ շորի պետք, բայցայժմ նրանք թե´ քաղցած էին և թե´ մերկ: Ի՞նչ անեին, ձեռքերը խաչած խո չէին նստիլ, Աստված այնպես չէր բարկացել նրանց վրա, որ նրանց համար պատրաստի հաց և շոր ուղարկեր: Ճարահատյալ պետք է աշխատեին, արյուն-քրտինք պետք է թափեին, որպեսզի ապրեին — այդպես էր աստուծո պատվերն և անեծքը. նրանք ուրիշ կերպ չէին կարող ապրել: Սակայն, որովհետև երկրի վրա ամեն նյութ և կենդանիներ արդեն պատրաստ կային, այդ պատճառով Ադամի համար այնքան էլ դժվար չէր գործ սկսելը, նա շինեց գութան, լծեց մի քանի զույգ եզ և հողը սկսեց վարել:

Գութանի մաճից բռնած՝ տխուր ու տրտում առաջ էր քշում նա եզները և գլուխը կախ՝ մտածում էր յուր կորցրած դրախտի մասին: Նա շատ էր տրտնջում, շատ էր զղջում, որ աստուծո պատվիրանը չէր պահել, բայց էլ ի՞նչ կարող էր անել, անցած էր: Վերջապես նա գլուխը բարձրացրեց և նայեց յուր շուրջը, նրա աչքերի առաջ հեռո՜ւ, հեռո՜ւ տարածվում էր անեզր երկիրը, մի կողմը ահա՝ բարձրագագաթ լեռներ և կանաչ, թավուտ անտառներ, մյուս կողմը՝ կարկաչուն վտակներ, խոխոջուն գետեր, հեզասյուգ լճակներ, լճեր, կապուտակ ծովեր, օվկիաններ: Լեռների մեջ պայծառ արևի ճառագայթներից շերտ-շերտ փայլում էին երկաթի, պղնձի, արծաթի և ոսկու հարուստ հանքերը, անտառների մեջ վազվզում էին հազարավոր կենդանիներ, ծառերի վրա երգում և թռչկոտում էին միլիոնավոր թռչուններ, գետերի, լճերի, ծովերի և օվկիանների մեջ լողում էին բյուրավոր ձկներ… Ադամը նայեց, նայեց երկրի այդ անչափ հարստության վրա և հանկարծ մի տեսակ անհուն ուրախություն զգաց:

«Էլ ինչո՞ւ եմ տրտմում, — ասաց նա ինքն իրեն, աստված դրախտից ինձ արտաքսեց, բայց դրա փոխարեն ահա այսքան հարստություն է տվել ինձ: Բացի ինձանից և կնոջիցս ուրիշ մարդ խո չկա այստեղ՝ երկրիս վրա. ուրեմն այս բոլոր հարստության տերը, թագավորը միայն ես եմ, այո´, ես եմ, ես…»:

Եվ Ադամի ուրախությունն այն աստիճանի հասավ, որ նա մինչև անգամ ինքնաբավական կերպով սկսեց երգել:

«Բայց որ հանկարծ մի ուրիշ մարդ էլ լույս ընկնի և ասի թե՝ ես էլ մասն ունեմ երկրից կամ ասի՝ թե երկիրն իմն է, — հանկարծ ծագեց նրա գլխում այդ սարսափելի միտքը, և նրա ուրախությունը մի ակնթարթում անհետացավ: — Այն ժամանակ ի՞նչ անեմ… ինչո՞վ հաստատեմ, որ երկրի միակ տերն ու թագավորը ես եմ… Չէ՛, երբ որ այդպես է, ուրեմն գութանս որքան կարող եմ և որքան եզներիս մեջ ուժ կա ես առաջ կքշեմ և կորոշեմ իմ հողիս սահմանը, որպեսզի եթե հանկարծ, իրավ, մի այդպիսի մարդ լույս ընկնի, իրավունք չունենա գոնե իմ հողիս ձեռք տալու»:

Եվ նա կրկնապատիկ ուժով եզները սկսեց առաջ քշել: Նա անդադար խփում էր եզներին, շտապեցնում էր նրանց, որպեսզի որքան կարելի է շուտ և շատ տեղ կտրի: Որքան առաջ էր գնում, այնքան ավելի էր ուզում առաջ գնալ, ագահությունը պաշարել էր նրան, նա ուզում էր միանգամից ողջ երկիրը վարել, որպեսզի երևակայական ախոյանը եթե հայտնվեր, ոչինչ չկարողանար անել: Քրտինքը կաթ-կաթ թափվում էր նրա ճակատից, սիրտն անհանգստությամբ զարկում էր. ո´չ յուր մեջ էր ուժ մնացել, ո´չ եզների մեջ: Անդադար առաջ էր գնում և, կարծես, երբեք միտք չուներ ետ դառնալու:

Հանկարծ նա տեսավ, որ դիմացից մի մարդ է վազում դեպի ինքը կանչելով,

— Է´յ, է´յ, կանգնի՛ր, ո՞ւր ես գալիս:

Ադամի գույնը թռավ: Նա խփեց եզներին, որ քանի անծանոթ մարդը չէ մոտեցել, գութանը մի փոքր էլ առաջ քշե:

— Կանգնի՛ր, կանգնի՛ր, — գոռում էր դիմացից վազող մարդը:

Ադամը ցույց էր տալիս, թե չէ լսում և գութանը միշտ առաջ էր քշում:

Դիմացից վազող մարդը հասավ և կանգնեցրեց եզներին:

— Դու չե՞ս հասկանում, կանգնի՛ր, — բարկացած գոռաց նա Ադամի վրա և, մոտենալով նրան, բռնեց նրա յախից: — Որ գնում ես, ո՞ւր ես գնում:

— Քեզ ի՞նչ, — ասաց Ադամը հպարտությամբ:

— Ինչպես թե ինձ ինչ… Դու չգիտե՞ս, որ այս հողն իմն է:

— Ես ի՞նչ գիտեմ:

— Բաս կո՞ւյր էիր. այս քարը չտեսա՞ր, — ասաց անծանոթը ցույց տալով մի քար, որ ընկած էր այնտեղ:

— Այդ քարն ի՞նչ է որ:

— Այն է, որ այս քարից այն կողմն ինչ որ հող կա քոնն է, իսկ այս կողմը՝ իմը, և դու իրավունք չունես սրանից մի մազաչափ անգամ այս կողմը գալու, հասկացա՞ր, թե ոչ:

Ադամին դուր չեկավ անծանոթի անձնավստահ գոռում-գոչյունները:

— Տո, հեռացի՛ր այն կողմն, է՜, — ասաց նա, աշխատելով, որ յախան ազատե նրա ձեռքից: — Ո՞վ ես դու, որ եկել ես այս հողին տեր ես կանգնում:

— Աչքդ հանողն եմ, — գոռաց անծանոթը: — Քեզ ասում եմ՝ գութանդ ետ քշիր և իրավունք չունենաս այս քարից այն կողմը գնալու: Դե՛հ, շու՜տ, ետ քշիր:

Ադամը պինդ կանգնեց:

— Ետ չեմ քշում, զոռի բան է՞, — ասաց նա:

— Ինչպե՞ս թե ետ չես քշում, տո…

— Հա, ի´նչ է, ետ չե´մ քշում, ի´նչ պետք է անես:

— Ա´յ թե ինչ պետք է անեմ, — ասաց անծանոթը և — շրը՜խկ, մի պինդ ապտակ թխեց Ադամի երեսին:

Ադամի արյունը գլուխն ընկավ և կատաղած՝ յուր կողմից բռնելով նրա յախից, ուզեց վայր ձգել գետին, բայց նույն րոպեին անծանոթը գրկեց նրան, բարձրացրեց, հանկարծ թրխկացրեց գետնին և, նստելով նրա փորի վրա, սկսեց սեղմել նրա կոկորդը: Խեղճ Ադամը ուժաթափ սկսեց խռխռացնել և, տեսնելով, որ ոչինչ չէ կարող անել, սկսեց աղաչել, որ իրեն խնայե:

— Գութանդ այս քարից էլ առաջ չե՞ս տանի, — ասաց անծանոթը:

— Ոչ, չեմ տանիլ, միայն մի´ խեղդիր ինձ:

— Դեհ, երդվիր, որ հավատամ:

Ադամը սկսեց երդվել և, տեսնելով, որ էլ ուրիշ ճար չկա, ոտով սկսեց հրել քարը, որպեսզի դա այն կողմն ընկնի, և յուր հողի տարածությունը մի քիչ էլ մեծանա:

Անծանոթը տեսավ այդ, հանկարծ թողեց նրան, վեր կացավ և, դառնությամբ ժպտալով, ասաց.

— Գնա´, ա´յ մարդ, թող այս երկրի վրա քո աչքը ոչինչ չկշտացնե:

Ասաց և չքացավ:

Ադամը հասկացավ, որ այն աստված էր և եկել էր իրեն փորձելու:

Ասում են, որ այդ ժամանակվանից սկսած մարդու աչքը ոչինչ չի կշտացնում կամ, ինչպես ասում են, մարդու աչքը ծակ է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s