Մուստաֆա Քեմալ Աթաթուրք

Թուրքիայի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքացիներն իրենց բնակարաններում ունեն այս մարդու լուսանկարը: Նրան սիրում են, պաշտում: Լեռնալանջերին նրան փառաբանող տողեր են, շենքերի պատերին՝ նրա դիմանկարները, մեծ բնակավայրերում՝ արձանը: Իսկ Կարսում՝ հայոց հնամենի մայրաքաղաքի վրա հսկող Բագրատունյաց բերդի վրա, դարձյալ նրա պատկերն է՝ «Հայրենիքը պարտական է քեզ» գրությամբ:

Ո՞վ է Մուստաֆա Քեմալը, որին թուրքերն Աթաթուրք՝ թուրքերի հայր կոչեցին, որը վայելում է բոլոր թուրքերի սերը և որին պարտական է իր հայրենիքը: Թուրքերն իրոք գիտեն մեծարել իրենց հերոսներին: Իսկ Մուստաֆա Քեմալն իսկապես հերոս է՝ թուրք ժողովրդի հերոսը: Նա մոխրացած, մասերի բաժանված ու պատերազմի հետևանքով ծնկի եկած Թուրքիայի բեկորները հավաքեց ու նոր զորեղ պետություն կերտեց: Մուստաֆա Քեմալը (Ալի Ռըզաօղլու Մուստաֆա) ծնվել է 1881 թվականի մայիսի 19-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքի Խոջա Քասըմ փաշա թաղամասի Իսլահանե փողոցում գտնվող տանը, որտեղ այժմ նրա անվան թանգարան է գործում: Քեմալ պատվանունը, որ նշանակում է կատարյալ, նրան հետագայում տվել է մաթեմատիկայի ուսուցիչը, քանզի դպրոցում Քեմալը բարձր առաջադիմություն էր ցուցաբերել: Քեմալի հայրը ոստիկան էր: Նրանց ընտանիքը Հունաստան է տեղափոխվել XIX դարավերջին, հավանաբար՝ Փոքր Ասիայից: Շատ պատմաբաններ պնդում են, որ Քեմալը հրեական արմատներ ունի, ոմանք էլ պնդում են, թե սլավոնական արմատներ ունի՝ որպես փաստարկ բերելով կապույտ աչքերն ու մազերի բաց գույնը: Գերիշխող է այն տեսակետը, որ Քեմալը սերում է Իսպանիայից Թուրքիա տեղափոխված և իսլամ ընդունած հրեական տոհմից: Մոր խորհրդով պատանի Քեմալը նախ կրոնական դպրոց է հաճախում: Ապա, չցանկանալով հոգևորական դառնալ, թողնում է և մասնավոր աշխարհիկ դպրոց ընդունվում: Հայրը Քեմալին վաճառականի ապագա էր կանխատեսում: Ի վերջո, Քեմալն ինքն է ընտրություն կատարում և ծնողներից գաղտնի 1893 թ. ընդունվում է Սալոնիկի ռազմական դպրոց, երեք տարի անց՝ Մոնաստրիի ռազմական ակադեմիա: Իսկ 1905 թ. ավարտում է Ստամբուլի Օսմանյան ռազմական քոլեջը: Դեռ ուսումնառության տարիներին Քեմալն աչքի ընկավ հակամիապետական հայացքներով: Նա քոլեջն ավարտելուն պես ձերբակալվում է, սակայն շատ չանցած՝ միջնորդությամբ ազատ է արձակվում և որպես կապիտան ծառայության անցնում Դամասկոսում գտնվող թուրքական զորամասերից մեկում: Այստեղ էլ շարունակում է ընդհատակյա գործունեությունը: 1907 թվականին նա, անդամակցելով «Միություն և առաջադիմություն» կուսակցությանը, առաջիններից մեկն էր, որ արձագանքելով երիտթուրքերի կոչերին՝ ըմբոստացավ Աբդուլ Համիդի վարչակազմի դեմ և անցավ թուրքական հեղափոխության կողմը: Հեղափոխությունից հետո Քեմալն աչքի ընկավ Լիբիայում և Ստամբուլում հակահեղափոխական շարժումները ճնշելու գործում: 1911 թ. սկսվեց իտալա-թուրքական պատերազմը: Քեմալը, իր հրամանի տակ ունենալով ընդամենը 28.000 սվին, հաջողությամբ դիմագրավում է հնգապատիկ առավելություն ունեցող իտալական զորքերին: Այս պատերազմում Քեմալը վիրավորվեց և մասամբ կորցրեց ձախ աչքի տեսողությունը: Ապա Քեմալն աչքի ընկավ Բալկանյան պատերազմում, որի ավարտին ստացավ փոխգնդապետի զինվորական կոչում: 1915 թ. մարտին փայլեց Քեմալի աստղը: Երբ անգլիացիները ձեռնարկեցին Դարդանելի օպերացիան, Մուստաֆա Քեմալն իր ստորաբաժանումով Գալիպոլիի ճակատամարտում ջախջախեց անգլիական զորքն ու փրկեց Ստամբուլը ներխուժումից՝ դրանով իսկ փրկելով Թուրքիան: Գալիպոլիի ճակատամարտից հետո Քեմալը նետվեց կովկասյան ճակատ: Զորեղ հակագրոհով վերցրեց Մուշն ու Բիթլիսը՝ ռուսական բանակի համար ստեղծելով շրջապատման վտանգ: 1917 թվականին Քեմալն է ուղեկցել ապագա սուլթան, արքայազն Մեհմեդ Վահիդեդդինին դեպի Ավստրո-Հունգարիա և Գերմանիա կատարած ճանապարհորդության ընթացքում: 1918 թվականին Քեմալը, որպես բանակի հրամանատար, Սիրիայում պատերազմում էր անգլիացիների դեմ: Նա կարողացավ Հալեպի մատույցներում կանգնեցնել անգլիացիների առաջխաղացումը: Ի դեպ, Մուստաֆա Քեմալը միակ թուրք զորավարն է, որ պարտություն չի կրել Առաջին աշխարհամարտի ժամանակ: Սակայն Թուրքիան պարտվեց պատերազմում: 1920 թ. օգոստոսի 10-ին Անտանտի երկրները Սևրում ստորագրեցին պայմանագիր, որով Թուրքիան մասնատվում էր Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի և Հայաստանի միջև: Դա Թուրքիայի օրհասական պահն էր և թվում էր՝ ոչ ոք և ոչինչ այլևս չի փրկի կործանվող կայսրությունը: Մանավանդ որ անգլիական, ֆրանսիական, հունական զորքերը գրավել էին Ստամբուլն ու Իզմիրը: Բայց ասպարեզ իջավ հերոսը, որ նախաձեռնեց ազգայնական շարժումը: Մուստաֆա Քեմալն իր շարժումը սկսեց հայոց Կարինից, երբ Սանասարյան վարժարանում ժողով հրավիրեց՝ նախկին օսմանյան բանակի ազգայնական սպաների և գործիչների մասնակցությամբ: Ներկայացնելով իր ծրագիրը՝ բոլորին զենքի կոչեց ու սկսեց պայքարը: Մինչ այդ՝ դեռ 1919 թ., նա հեռացավ օսմանյան բանակից՝ հայտարարելով, որ պետությունը վտանգի մեջ է և իշխանությունները կործանման են տանում Թուրքիան: Անգամ դատարանը նրան հեռակա մահվան դատապարտեց: Բայց Քեմալը չընկրկեց: 1919 թ. սեպտեմբերի 4-ին նա Սվասում համաժողով հրավիրեց: Կազմեց Ազգային ուխտը, որը Քեմալին հետագա գործունեության իրավասությամբ օժտեց: 1919 թ. դեկտեմբերին Քեմալի նախաձեռնած շարժումը հաղթեց Օսմանյան կայսրության վերջին ընտրություններում: Նա պառլամենտում ընդունել տվեց Ազգային ուխտի մասին բանաձև, ապա լուծարեց պառլամենտը: Թուրքիայում երկիշխանություն հաստատվեց: Սակայն սուլթանական կառավարությունը դատապարտված էր: Քեմալը հաղթանակ հաղթանակի հետևից տարավ: Ձեռնարկած պատերազմի շնորհիվ Մուստաֆա Քեմալը կարողացավ հաղթել թե՛ ֆրանսիացիներին, թե՛ անգլիացիներին, թե՛ հույներին ու հայերին: Նա կարողացավ դիվանագիտական կարևոր պայմանագիր կնքել Խորհրդային Ռուսաստանի հետ, որի արդյունքում Լենինի կառավարությունից ստացավ մեծ օգնություն՝ զենք-զինամթերք, հանդերձանք, նյութական այլ միջոցներ: Միայն 1920 թ. Մոսկվան քեմալականներին մատակարարեց 6000 հրացան, ավելի քան 5 միլիոն փամփուշտ, 17.600 ռումբ, ինչպես նաև՝ 2006 կգ ոսկե ձուլակտոր: 1921-1922 թթ. Մոսկվայի տրամադրած օգնության ծավալները մեծացան: Որպես փոխհատուցում ռուսների տրամադրած օգնության, Քեմալի կարգադրությամբ 1920 թ. սեպտեմբերին թուրքական բանակը ներխուժեց Հայաստանի Հանրապետություն: Ցավոք, ՀՀ իշխանությունները չկարողացան արժանի դիմադրություն կազմակերպել, և թուրքերն առանց դժվարության առաջ գնացին ու գրավեցին Կարսը, Ալեքսանդրապոլը: Հատկապես ամոթալի էր Կարսի խայտառակ անկումը, երբ թշնամուց ավելի մեծ ուժերով ու լավ սպառազինված հայոց բանակը, առանց կռվի, հանձնեց Կարսի բերդը: Քեմալն իր նվաճումներն ամրագրեց 1921 թ. Ռուսաստանի հետ կնքած Մոսկվայի և Կարսի եղբայրության և բարեկամության պայմանագրերով: Աթաթուրքի նպատակը Թուրքիայում աշխարհիկ զորեղ պետության ստեղծումն էր: Նա հռչակեց թուրքական հանրապետության ծնունդն ու բարեփոխումների ենթարկեց երկիրը: Մեծ ուշադրություն դարձրեց կրթական խնդիրներին: Տարրական կրթությունը Թուրքիայում հռչակվեց պարտադիր և անվճար: Նա հազարավոր դպրոցներ բացեց երկրի տարածքում: Մուստաֆա Քեմալը կանանց տվեց տղամարդկանց հետ հավասար իրավունքներ, ինչպես նաև ընտրական իրավունք (1934 թ.): Ի դեպ, այս առումով Թուրքիան առաջ անցավ եվրոպական շատ երկրներից: Նրա երազանքն աշխարհիկ ու ազգայնական Թուրքիայի կերտումն էր: Երբ բացահայտվեց Քեմալի դեմ կազմակերպված մահափորձը, նա հայտարարեց. «Իմ մահկանացու մարմինը կվերածվի փոշու, բայց Թուրքիայի Հանրապետությունը հավերժ կմնա»: 1923 թ. Լոզանի պայմանագրով աշխարհի զորեղ երկրները ճանաչեցին Քեմալի իշխանությունն ու թուրքական պետության ինքնիշխանությունը: 1923 թ. հոկտեմբերի 29-ին Թուրքիան հռչակվեց հանրապետություն: Դա թուրքերի ազգային տոնն է: Աթաթուրքը Թուրքիան փորձեց դարձնել ազգային պետություն՝ ձուլման քաղաքականություն վարելով հայերի, քրդերի, մյուս ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Թուրքիայում ընդունված օրենքով երկրի բոլոր քաղաքացիները համարվեցին թուրքեր: Կան միայն կրոնական փոքրամասնություններ, որոնց թվում դասվեցին նաև երկրի քրիստոնյա հայերը: Թուրքական հասարակությանը եվրոպականացնելու համար նա անգամ հագուստի մասին օրենք ընդունեց, որով սահմանեց պետական պաշտոնյաների և ուսանողների համար հագուստի չափորոշիչներ՝ պարտադրելով հրաժարվել ֆեսից և արևելյան հագուկապից: Աթաթուրքը մահացավ լյարդի ցիռոզից, 1938 թ. նոյեմբերի 10-ին, Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում գտնվող Դոլմաբախչեում՝ Թուրքիայի ամենամեծ պալատում, որը կառուցել են հայազգի Պալյանները: Այսօր էլ, եթե այցելեք թանգարանի վերածված այդ պալատը, պատերին կախված բոլոր ժամացույցները կազդարարեն Աթաթուրքի մահվան ժամը՝ 9:05: Աթաթուրքի կտակի համաձայն՝ նրա կարողության մեծ մասը փոխանցվեց Թուրքիայի լեզվաբանական ընկերությանն ու Թուրքիայի պատմական ընկերությանը։ Քեմալի կյանքի մեծ սերն իր խորթ հոր քրոջ դուստրն էր՝ Ֆաքրիեն: Երբ Ֆաքրիեն ամուսնալուծվեց, նրանք հանդիպեցին, սիրեցին միմյանց, բայց չամուսնացան: Հետագայում Քեմալը հանդիպեց ու սիրահարվեց եվրոպական փայլուն կրթություն ստացած Լաթիֆեին: Նրանք ամուսնացան: Իսկ Ֆաքրիեն վշտից ինքնասպան եղավ: Չնայած Լաթիֆեն իր եվրոպական հագուկապով ու կեցվածքով թուրքական հասարակության սիրելին դարձավ, Քեմալը երջանկություն չգտավ Լաթիֆեի գրկում: 1925 թ. նրանք ամուսնալուծվեցին: Քեմալը երեխաներ չուներ: Նա որդեգրել է 13 երեխայի՝ 1 տղայի և 12 աղջկա: Նրանց մեջ նաև հայուհի կար՝ Սաբիհա Գյոկչենը, որ դարձավ Թուրքիայի առաջին կին օդաչուն և հայտնի էր իր հայատյացությամբ: Իսկ վերջում` զավեշտի մասին: Աթաթուրքի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1981 թվականը հայտարարեցին Աթաթուրքի տարի՝ Աթաթուրքին հռչակելով գաղութարարության դեմ պայքարի առաջամարտիկ: Իսկ Հունաստանի նախկին վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսը 1934 թվականին Աթաթուրքին առաջադրեց Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s